Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Հագեցած օրակարգով ռեկտորատի նիստ՝ ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ. Հագեցած օրակարգով ռեկտորատի նիստ՝ ԵՊԲՀ-ում

Այսօր հրավիրված ռեկտորատի նիստն անցկացվեց հագեցած օրակարգով։ Նիստին ներկա էին ռեկտորատի անդամները, ինչպես նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը։

Ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը ներկայացրեց բուհական ինքնավարությանը վերաբերող կարևոր իրավակարգավորումներ միջազգային փաստաթղթերից։ Ներկայացնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի վերանայված նախագիծը և անդրադառնալով միջազգային փորձին՝ ընդգծեց, որ օրենքի նախագծում տեղ գտած փոփոխություններն առաջին հերթին պետք է համահունչ լինեն ժողովրդավարության մշակույթին, մինչդեռ օրենքի նախագծում տեղ գտած շատ դրույթներ հետքայլ են բուհական ինքնավարությունը սահմանող միջազգայնորեն ընդունված մոտեցումներից:

Միքայել Ադամյանը խոսելով քննարկվող օրենքի նախագծի մասին՝ ընդգծեց, որ նման օրենքներում պետք է հաշվի առնել ուսանողների կարծիքը։ Բժշկական բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի դիտարկմամբ՝ նման օրենքները կանխորոշում են բուհական կրթության ապագան և բուհի ակադեմիական ազատությանը, իսկ ինքնավարությանը խոչընդոտելն անթույլատրելի է։

Բուհական կրթության միջազգային զարգացումների, կրթության արտահանմանը վերաբերող հարցերին անդրադարձավ Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը։

Ինչպես նաև ռեկտորատի նիստին ելույթ ունեցան Իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանը և Ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյանը։ Վերջինս ընդգծեց, որ օրենքի նախագծի որոշ դրույթներ ոտնահարում են ուսանողների իրավունքները, զրկում ազատ մրցակցության իրավունքից։


ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ բուհի կողմից օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթն իր առաջարկով ներկայացվելու է վաղը հրավիրվող ռեկտորների խորհրդի նիստին։

Ռեկտորը ոչ միայն այս օրենքի նախագծի, այլև համալսարանական յուրաքանչյուր նախաձեռնությունում կարևորեց կառուցողական մոտեցումը։


Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման գործողությունների ստանդարտ ընթացակարգի հաստատմանը։ Պատասխանատուներն անդրադարձան բուհում, համալսարանական հիվանդանոցներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումներին։ Քննարկվեցին ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր։
Եզրափակելով՝ ԵՊԲՀ ռեկտորը ներկաների ուշադրությունն առանձնահատուկ հրավիրեց փետրվարի 13-ին հանրապետությունում գրանցված երկրաշարժին, առհասարակ տարերային աղետների դեպքում ԵՊԲՀ-ի պատրաստվածությանը։

Նա տեղեկացրեց, որ շաբաթ օրն արդեն իսկ սեյսմոլոգների մասնակցությամբ կատարվել է սեյսմակայունության գնահատմանը նվիրված աշխատանքային քննարկում։


Արմեն Մուրադյանը պատասխանատուներին հանձնարարեց հետևողական լինել և մասնագետների, ուսանողների լայն ընդգրկվածությամբ անցկացնել ուսումնավարժանքներ՝ բարձրացնելով բժշկական բուհի պատրաստվածությունը։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ